ՅՈԹ ՕՐ
Ի՞նչ կատարվեց Աստծո անցած յոթ օրում Հայաստանում:
Պատմության համար` ոչինչ:
Ժամանակակիցների համար առանձնացնենք երեք իրողություն:
Հանրապետության նախագահին կից Հանրային խորհուրդն իր առայժմ 12 անդամներով սկսում է գործել. 12-ին (ձեզ Քրիստոսի առաքյալներին չի՞ հիշեցնում) նշանակել է նախագահը, ևս 24-ը կընտրվեն (ընտրական «ավանդույթներին» հավատարիմ` կնշանակվեն) հետո: Առայժմ խորհրդի նախագահը Վազգեն Մանուկյանն է: Խորհուրդը, վերստին առայժմ, չունի իր կանոնադրությունը: Այսքան «առայժմ»-ների մեջ հայտնի է, որ խորհուրդը կոչված է հասարակության ձայնը հասցնելու իշխանությանը: Խորհրդի անդամները մասնակցելու են կառավարության նիստերին, ԱԺ նիստերին (ճիշտ է, քանի որ դեռ չկա կանոնադրությունը, ապա հայտնի չեն անդամների լիազորությունները, իմա` իրավունքներն ու պարտականությունները), իրենց առաջարկներն են ներկայացնելու...
Հարց առաջին` իսկ մի՞թե հանրապետության նախագահը, ԱԺ-ն, կառավարությունն այդքան կտրված են ժողովրդից, ապրում են վիրտուալ իրականության մեջ ու տեղյակ չեն, թե ինչ է կատարվում երկրում, որ խորհուրդը պիտի տեղ հասցնի ժողովրդի ձայնը: Խորհրդի անդամները տնետուն, փողոց առ փողոց մա՞ն են գալու` չարչու կերպարանք առած, որ թագավորին հասցնեն այդ ճշմարտությունը:
Հարց երկրորդ. ասենք` 36-ի խորհուրդը հարց բարձրացրեց, ի՞նչ է լինելու հետո, լուծման մեխանիզմները նախագահի՞ն, ԱԺ-ի՞ն, կառավարությա՞նն են վերապահվելու վերստին: Ընդհանրապես` ճգնաժամի պայմաններում ճի՞շտ ժամանակն է ստեղծելու մի խորհուրդ, որի փորձն արդեն կար Ռուսաստանի Դաշնությունում, որի գործունեությունն ավելի հայտնի է անդամների ընտրության ու չընտրության պատմություններով, քան կոնկրետ գործերով:
Հարց երրորդ. իսկ ովքե՞ր են խորհրդի անդամները, ի՞նչ սկզբունքով են ընտրված և արդյոք դիմանո՞ւմ են որևէ ընտրաչափանիշի, թե՞ խնդիրը շատ ավելի պարզ ու համեստ է` նախագահական ընտրություններից հետո լիքը «օգտակար» մարդիկ են մնացել «անտեր», նրանց պետք է տեղավորել` մեկ, և, վերջապես, պե՞տք է նախագահը ցույց տա իր ժողովրդավարական հակումները` երկու (հիշողության կորուստ ունեցողներին հիշեցնենք, որ նման մի խորհրդի փորձ արդեն ունեցել է Հայաստանի երիտասարդ Հանրապետությունը, այն ժամանակ ուղղակի կոչվում էր Քաղաքական խորհուրդ, բայց նույնիսկ ամենապայծառ հիշողություն ունեցողները հազիվ հիշեն այդ խորհրդի գործունեության որևէ շոշափելի արդյունք, եթե հաշվի չառնենք նրա որոշ անդամների պերճախոս ելույթները):
...Հարցերը շարունակելն անշնորհակալ գործ է, որովհետև միանգամից մեկ և սպառիչ պատասխան է տրվելու` դեռ խորհուրդը չգործած, էլի կասկածի ու անհանդուրժողականության, չարակամության մթնոլորտ են ստեղծում: Ոչ, ուղղակի ցանկացած տեղեկատվություն ոչ միայն ընդունում ես ի գիտություն, այլև երբեմն մտածում ես` սովորության խնդիր է...
Երկրորդ հասարակականորեն կարևոր ակցիան. «Միասին»-ը որոշեց պայքարել կաշառակերության դեմ ու գտավ կոնկրետ կաշառակերների, փակցրեց նրանց լուսանկարները` անարգանքի սյունին գամելով, ու ... ՈՒ` ի՞նչ: Հետո պարզվեց, որ նրանց մեջ դիվանագետ կա նաև, որը դեռ չի հասցրել դասավանդել, ուրեմն և բախտ չի ունեցել կաշառք ստանալու, նրանից ներողություն խնդրեցին, հետո ուսանողները պահանջեցին պատժել իրենց դասախոսներին զրպարտելու համար, բուհերի ռեկտորները և իրենք` «լուսանկարային կաշառակերները», պատիվ պահանջեցին, ոստիկանությունն ակտիվացավ` հայտարարելով, որ գործը կուսումնասիրի, թեպետ հայտնի չէ` ի՞նչ գործ, որովհետև որևէ լուսանկարում պատկերված չէր կաշառք վերցնելու գոնե մեկ դեպք... Բայց ակցիան հաջողված էր. աղմուկ եղավ, թեման ևս մեկ անգամ քննարկվեց... Հետո ի՞նչ։ Ոչինչ: Ընդամենը հերթական անհեթեթությունը, որովհետև իրականում կաշառակերության դեմ նման պայքարը ոչ մի արդյունք-հետևանք չի կարող ունենալ: Այս ակցիան շատ ավելի «Միասին»-ի գովազդային հոլովակ էր կամ էլ` ապաշնորհ հնարանք` մարդկանց ուշադրությունը շեղելու շատ ավելի հրատապ խնդիրներից, որոնք կոչվում են ճգնաժամի հետևանքներ, որոնց մասին նույնիսկ հանրապետության վարչապետն արդեն մտահոգությամբ է խոսում: Էլ չասած, որ կառավարությունն առժամանակ կասեցնում է ոչ սոցիալական նշանակության ծրագրերի իրականացումը` անցնելով եռամսյակային ծրագրի, բայց, դե, դրանք այնքան էլ կարևոր չեն, երբ երկրում վերջապես գտնվում են շատ կասկածելի «ընտրությամբ» «կաշառակերներ»:
Եվ վերջապես, երրորդ փաստը` Երևանի քաղաքապետի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը: Հավանաբար, առաջին նախագահը որոշել է ևս մեկ անգամ փորձել ժողովրդավարության հայկական մոդելի համապատասխանությունն իրականությանը, կամ պարզել, թե ինչ է փոխվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետո ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ժողովրդավարության առումով: Փաստի մեկնաբանության տասնյակ տարբերակներ են դեռ առաջադրվելու, չի բացառվում, որ արմատական ընդդիմությունը մեղադրվի իշխանության հետ կոմպրոմիսի գնալու համար: Իսկ գուցե պարզապես կյանքը, և, ուրեմն` պայքարը, շարունակվո՞ւմ է. իշխանությունը միշտ խնդիր ունի ինքնապահպանվելու, ընդդիմությունը միշտ խնդիր ունի իշխանության գալու:
Իսկ մենք` ընդամենը ընտրելու:
Հայաստանում, իհարկե, եղան ու չեղան կարևոր ու անկարևոր նաև այլ իրադարձություններ, որոնք, սակայն, ունեին լոկալ նշանակություն:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ